ԲՆԱԳԻՏԱԿԱՆ ԸՆԹԵՐՑԱՐԱՆ 4
Երկրի հարստությունները շատ են ու բազմապիսի: Դրանց շարքում ամենազարմանալին ու ամենաարժեքավորը հողն Է:Դեռ վաղ ժամանակներում մարդը սկսել է մշակել հողը և իր կացարանի մոտ բույսեր է աճեցրել: Հողի մշակումը բերեց նաև գյուղատնտեսական գործիքների պատրաստմանը և կատարելագործմանը: Հողի մշակման շնորհիվ ծնվեց երկրաչափությունը, որի օգնությամբ մարդիկ սովորեցին հողակտորները բաժանել և ոռոգիչ ջրանցքներ անցկացնել: Հողն ամեն տարի մարդկությանը տալիս է միլիոնավոր տոննա ցորեն, որից ստանում են հաց: Ժողովրդի մեջ հողն անվանում են անսպառ գանձ, մարդու ամենամեծ հարստությունը: Բայց հարուստ բերք ստանալու համար հողը պետք է սնուցել հանքային և օրգանական պարարտանյութերով: Հողը հաճախ ենթարկվում է քայքայման: Գարնանային հորդացումների և տեղատարափ անձրևների ջրերը դաշտերից քշում տանում են հազարավոր տոննա հողի բերրի շերտեր:
Հողի քայքայում է տեղի ունենում նաև այն ժամանակ, երբ ուժեղ քամին է քշում տանում հողի վերին շերտը, և բերրի հողերը վերածվում են անպտուղ տարածքների:
Բույսերն իրենց արմատներով հողը պահում են լվացումից ու քամուց: Հողը քայքայումից պաշտպանելու համար անտառներ են տնկում: Մյուս կողմից՝ բույսերն անընդհատ հողից սնունդ վերցնելով՝ պակասեցնում են նրա բերրիությունը: Որպեսզի հողի բերրիությունը պահպանվի, մարդիկ այն պարարտացնում են:
Հողը կարիք ունի մարդկանց մշտական հոգատարության, ուշադրության ու ջերմության: Հողի գլխավոր հատկանիշը բերրիությունն է՝ բերք տալու կարողությունը: Տարբեր վայրերում տարբեր հողատեսակներ կան: Տարբեր է նաև դրանց բերրիությունը:
Category: Բնագիտություն
Բնագիտություն
Բնության բարիքներից բացի մարդիկ այլ կարիքներ էլ ունեն, ասենք՝ կրթության, փոխադրամիջոցների, բժշկության, կենցաղը գեղեցիկ ու հարմար դարձնող տարբեր իրերի: Այս բոլոր իրերի արտադրությունը, վաճառքը և օգտագործումը՝ սպառումը, կոչվում են տնտեսություն:
Տնտեսությունը կազմող մասերն են՝ գյուղատնտեսություն՝ հողագործությունն ու անասնապահությունը, օգտակար հանածոները,
արդյունաբերություն, շինարարությունը, տրանսպորտը, առևտուրը
և իհարկե՝ մարդու աշխատանքը: Այս բոլոր մասերը փոխկապակցված են:
Գյուղատնտեսություն
Հողագործություն
Ամբողջ աշխարհում մարդիկ մշակում են հողը, որպեսզի հաց և այլ գյուղատնտեսական մթերքներ ստանան: Զարգացած երկրներում հողագործությունը մեքենայացված է: Հողը վարելու, ցանելու, բերքը հավաքելու համար օգտագործվում են տրակտորներ, կոմբայններ և այլ հատուկ մեքենաներ:
Անասնապահություն
Մարդիկ միս և կաթնամթերք են ուտում, օգտագործում են կենդանիների բուրդը և կաշին: Անասուններին և թռչուններին պահում են ընդարձակ շինություններում, որտեղ խնամքը կատարվում է հատուկ սարքավորումներով: Որոշ երկրներում ընդարձակ արոտավայրերում անասնապահները հսկայական հոտերին հետևում են մեքենաներով, նույնիսկ փոքրիկ ինքնաթիռներով:
Շինարարություն
Դեռ հնուց մարդիկ հմուտ շինարարներ են: Մարդու ձեռքով ստեղծված բազմահարկ շենքերը, կամուրջները, ճանապարհները վերափոխվում են շրջակա միջավայրի պատկերը: Շինարարական մեքենաներն ամենուրեք փորում են, հարթեցնում, ծանր բեռներ են տեղափոխում՝ մեր կենցաղը հարմարավետ դարձնելու համար:
Բայց փայտից, քարից, ավազից ու աղյուսից, այսօր օգտագործվում են ժամանակակից շինություններ՝ երկաթ ու բետոն, ապակի, պլաստմասսա, հախճապակե սալիկներ և այլն:
Արտադրություն
Աշխարհում ամեն օր հազարավոր իրեր են արտադրվում: Դրանց մի մասը պարզունակ է՝ ափսե, գնդակ, կամ աթոռ: Բայց կան և բարդ սարքեր, օրինակ՝ մեքենաները, հեռուստացույցներն ու համակարգիչները: Արտադրության մեջ դեռ շատ է ձեռքի աշխատանքը, գործարաններում մարդիկ աշխատում են հաստոցների և մեքենաների օգնությամբ: Զարգացած արդյունաբերությունը երկրի հարստությունն է:
Գիրքն էլ է արտադրվում տարբեր մեքենաների օգնությամբ: Դրանցից մեկը թուղթն է կտրում, մյուսը տպագրում, մեկ ուրիշը ծալում է տպագրված էջերը, հաջորդը սոսնձում ու շապիկն է ամրացնում:
Բնության մեջ եղած այն ամենն, ինչ մարդիկ օգտագործում են իրենց կարիքների համար, համարվում են բնական պաշարներ: Օրինակ՝ կաուչուկի ծառը գոյություն է ունեցել անհիշելի ժամանակներից, բայց այն պահից, երբ մարդիկ սովորեցին դրա հյութից ռետին ստանալ անվադողեր և շատ այլ իրեր պատրաստելու համար, այդ զարմանահրաշ ծառը բնական պաշար համարվեց:
Երկրի բնական պաշարները բազմազան են: Դրանցից ամենակարևորներն են հողը, օդը, ջուրը, արևի ջերմությունն ու լույսը: Բնական պաշարներ են ապարները, մետաղները, հանածո վառելիքը:Բնական պաշար են նաև բույսերն ու կենդանիները, որոնք մարդն օգտագործում է որպես սնունդ կամ արտադրության համար հումք, ասենք՝ բամբակից, վուշից ու բրդից թել են ստանում, կաշվից կոշիկ են կարում և այլն: Բույսերը ու կենդանիները համարվում են վերականգնվող պաշարներ:
Կարո՞ղ եք բացատրել՝ ինչու:
Բայց բնության բարիքների մի մասն էլ չվերականգնվող է: Դրանց պաշարներն անսահման չեն և կարող են սպառվել:
Բնության բարիքները խնայելու միջոց է երկրորդային օգտագործումը: Օրինակ՝ օգտագործված թուղթը, թիթեղյա տուփերը, պլաստմասսայե իրերը, ապակին կարելի է վերամշակել և կրկին օգտագործել:

Ավստրալիա
Ավստրալիան միակ մայրցամաքն է, որի ողջ տարածքը պատկանում է մեկ պետության։ Այստեղ են բնակվում պարկավորները՝ կաթնասունները, որոնք իրենց ձագուկներին պահում են փորի վրայի պարկում։ Թռչուններից ամենամեծը էմու ջայլամն է, ամենագեղեցիկը՝ դրախտահավը։ Ավստրալիայի արևելյան ափի երկայնքով ձգվող Մեծ արգելախութն աշխարհի ամենամեծ կորալյան խութն է։
Այս տարածաշրջանը ներառում է Ավստիալիան, Նոր Զելանդիան, Պապուա Նոր Գվինեան և հազարավոր կղզիներ, որոնք ձգվում են Խաղաղ օվկիանոսում: Սա աշխարհի ամենանոսր բնակեցված շրջաններից է: Որոշ երկրներ կազմված են հարյուրավոր կղզիներից:
Երկիր մոլորակի բնությունը շատ բազմազան Է: Այն կազմում են լեռներն ու հարթավայրերը, օվկիանոսներն ու ծովերը, գետերն ու լճերը, անձրևն ու քամին, բույսերն ու կենդանիները, և իհարկե մարդը: Այս բոլորը մեզ շրջապատող բնական միջավայրի, այսինքն՝ բնության բադադրամասերն են: Դրանք իրար հետ կապված են և ազդում են միմյանց վրա:Այսպիսով՝ մեզ շրջապատող բնական միջավայրի բոլոր բաղադրամասերի միասնությունը կազմում Է Երկիր մոլորակի բնությունը: Հարուստ և բազմազան է այդ բնությունը: Մի տեղ անծայրածիր օվկիանոսն է՝ անհուն ջրերով, մյուսում՝ ցամաքը, ընդարձակ հարթավայրերով ու լեռներով: Մի տեղ «անկյանք» և «անջուր» անապատն է, մյուսում՝ փարթամ անտառներն ու տափաստանները: Մարդն ապրում է այդ հարուստ ու բազմազան բնության գրկում, օգտվում նրա բարիքներից, աշխատում է ու ստեղծագործում: Բնությունն անընդհատ գտնվում է փոփոխության մեջ. փչում է քամին, տեղում են անձրևն ու ձյունը, ծաղկում են ծառերը, թափվում են տերևները, քայքայվում են լեռները և այլն:
Մարդն իր գործունեությամբ ազդում է բնության վրա և նույնպես փոխում է այն. մշակում է հողը, տնկում նոր անտառներ կամ կատարում անտառահատումներ, ստեղծում լճեր, Երկրի ընդերքից հանում օգտակար նյութեր:
Որպեսզի մարդիկ ճիշտ օգտվեն բնությունից, կարողանան ճիշտ օգտագործել նրա հարստությունները՝ ջրերը, հողերը, բույսերը, կենդանիները, պետք է բնության մասին ունենան հարուստ գիտելիքներ: Օրինակ՝ եթե մարդիկ երբեք չմոռանան, որ իրենց կյանքի համար անփոխարինելի նշանակություն ունեցող թթվածինը արտադրում են միայն կանաչ բույսերը, հատկապես ծառերը, ապա նրանք անխնա չեն կտրի ծառերը: Այդ դեպքում մարդիկ խիստ խնայողաբար կօգտագործեն փայտանյութը և յուրաքանչյուր կտրած ծառի փոխարեն կտնկեն մի քանիսը, որից կօգտվեն նաև հետագա սերունդները:
Այսպիսով՝ մեր մոլորակի բնության բազմազանությունը ամբողջ մարդկության հարստությունն է: