Կարգեր
Բնագիտություն

Երկիր մոլորակի բնության բազմազանությունը

Երկիր մոլորակի բնությունը շատ բազմազան Է: Այն կազմում են լեռներն ու հարթավայրերը, օվկիանոսներն ու ծովերը, գետերն ու լճերը, անձրևն ու քամին, բույսերն ու կենդանիները, և իհարկե մարդը: Այս բոլորը մեզ շրջապատող բնական միջավայ­րի, այսինքն՝ բնության բադադրամասերն են: Դրանք իրար հետ կապված են և ազդում են միմյանց վրա:Այսպիսով՝ մեզ շրջապատող բնական միջավայրի բոլոր բաղադրամասերի միասնությունը կազմում Է Երկիր մոլորակի բնությունը: Հարուստ և բազմազան է այդ բնությունը: Մի տեղ անծայ­րածիր օվկիանոսն է՝ անհուն ջրերով, մյուսում՝ ցամաքը, ընդարձակ հարթավայրերով ու լեռներով: Մի տեղ «անկյանք» և «անջուր» անա­պատն է, մյուսում՝ փարթամ անտառներն ու տափաստանները: Մարդն ապրում է այդ հարուստ ու բազմազան բնության գրկում, օգտվում նրա բարիքներից, աշխատում է ու ստեղծագործում: Բնությունն անընդհատ գտնվում է փոփոխության մեջ. փչում է քամին, տեղում են անձրևն ու ձյունը, ծաղկում են ծառերը, թափվում են տերևները, քայքայվում են լեռները և այլն:
Մարդն իր գործունեությամբ ազդում է բնության վրա և նույնպես փոխում է այն. մշակում է հողը, տնկում նոր անտառներ կամ կատարում անտառահատումներ, ստեղծում լճեր, Երկրի ընդերքից հանում օգ­տակար նյութեր:
Որպեսզի մարդիկ ճիշտ օգտվեն բնությունից, կարողանան ճիշտ օգտագործել նրա հարստությունները՝ ջրերը, հողերը, բույսերը, կեն­դանիները, պետք է բնության մասին ունենան հարուստ գիտելիքներ: Օրինակ՝ եթե մարդիկ երբեք չմոռանան, որ իրենց կյանքի համար անփոխարինելի նշանակություն ունեցող թթվածինը արտադրում են միայն կանաչ բույսերը, հատկապես ծառերը, ապա նրանք անխնա չեն կտրի ծառերը: Այդ դեպքում մարդիկ խիստ խնայողաբար կօգտագործեն փայտանյութը և յուրաքանչյուր կտրած ծառի փոխարեն կտնկեն մի քանիսը, որից կօգտվեն նաև հետագա սերունդները:
Այսպիսով՝ մեր մոլորակի բնության բազմազանությունը ամբողջ մարդկության հարստությունն է:

Design a site like this with WordPress.com
Get started