Արարատ (թուրք.՝ Ağrı Dağı, քրդ.՝ Çiyayê Agirî), հանգած հրաբուխ Թուրքիայում՝ Արաքս գետի աջ ափին, Հայաստանի սահմանից 32 կմ հեռավորության վրա, իսկ Իրանի սահմանից՝ 16 կմ։ Ունի երկու գագաթ՝ մեծ (Մասիս՝ 5165 մ) և փոքր (Սիս՝ 3925 մ)[2]։ Հայկական լեռնաշխարհի և Թուրքիայի ամենաբարձր լեռն է[3]։ Արարատի լեռնային զանգվածն ունի շուրջ 40 կմ տրամագիծ։
Մասիսն ունի դեպի հյուսիս թեքված զառիթափ ու ժայռոտ գագաթ՝ 12 կմ² հիմքի մակերեսով, աշխարհի ամենաբարձր գագաթներից է (բարձրությունը՝ 5165 մ), իսկ հարաբերական բարձրությամբ (ստորոտից՝ մինչև գագաթ) առաջինը՝ 4300 մ։ Հյուսիսարևելյան լանջին է «Վիհ Մասեաց» կամ «Փլած Մեծի լերինն» անունով խորխորատը, որը ձգվում է ստորոտից գագաթ շուրջ 10 կմ, իսկ գագաթի մոտ նրա առավելագույն խորությունը հասնում է 1000 մետրի։ Գագաթը պատված է հավերժական ձյունով, որից սկիզբ է առնում մոտ 30 սառցադաշտ։ Հարավարևմտյան լանջին դրանք իջնում են մինչև 3850-3950 մ, բայց Մասյաց վիհում սառույցն իջած է մինչև 2754 մ բարձրության։
«Արարատ» անվանումը ծագել է Վանի թագավորության հին եբրայերեն անվանումից։ Լեռան հայերեն ավանդական անվանումը Մասիս է, որի հոգնակին՝ Մասիք, կարող է վերաբերվել երկու լեռնագագաթներին։ Մովսես Խորենացին իր «Հայոց պատմություն» գրքի մեջ, Մասիս անվանումը կապում է Հայկ նահապետի ծոռ՝ Ամասիա թագավորի անվան հետ, որը ըստ ավանդության լեռն անվանել է իր անունով։ Լեռան թուրքերեն անունը Ağrı Dağı է, ağrı՝ բառացի թարգմանաբար նշանակում է ցավ, տառապանք։
Արարատ լեռը հաճախ ասոցացվում է Աստվածաշնչի Արարատ լեռան հետ։ Ըստ Ծննդոց գրքի՝ Նոյյան տապանն իջել է Արարատի վրա։ Հին Կտակարանի Ծննդոց գրքի ութերորդ գլխի չորրորդ մասի համաձայն՝ Ջրհեղեղից հետո Նոյյան տապանը նստել է «Արարատի լեռների» վրա։
Արարատ լեռը Հայաստանի կարևոր ազգային խորհրդանիշներից է և համարվում է «սուրբ լեռ»։ Մեծ տեղ ունի հայ գրականության և մշակույթի մեջ։ Նոյյան տապանի հետ այն պատկերված է Հայաստանի զինանշանի վրա։ Արարատ լեռը պատմականորեն ասոցացվել է Հայաստանի հետ և լայնորեն ճանաչվել որպես Հայաստանի սկզբունքային ազգային խորհրդանիշ։ Այն աշխարհագրորեն տեղակայված է պատմական Հայաստանի թագավորությունների կենտրոնում, որի համար էլ համարվում է հայերի պատմական հայրենիքի մի մասը։ Հայերի համար այն հայտնի է որպես «սուրբ լեռ» հիմնականում աստվածաշնչային ջրհեղեղի պատմության պատճառով։ Արարատն անվանվել է Հայաստանի ապրանքանիշ, Հայաստանի այցեքարտ և «ավելի քան լեռ հայերի համար»:
19-րդ դարում, երբ հայկական պետություն գոյություն չուներ, Արարատը խորհրդանշում էր հայկական պետականությունը։ Հայաստանի առաջին հանրապետությունը՝ հայկական ժամանակակից առաջին պետական կառույցը, որը գոյություն է ունեցել 1918-1920 թվականներին, հաճախ անվանվել է Արարատյան Հանրապետություն կամ Արարատի Հանրապետություն, քանի որ այն կենտրոնացած էր Արարատյան դաշտում[4][5][6]։
Արարատ բարձրանալու առաջին փորձը կատարվել է Միջնադարում։ Պատմության մեջ գրանցված լեռան առաջին հաջողված վերելքը գրանցվել է 1829 թվականին, երբ առաջին անգամ Արարատի գագաթը բարձրացավ Դորպատի համալսարանի պրոֆեսոր Իոհանն Ֆրիդրիխ Պարրոտը, որին ուղեկցում էին Խաչատուր Աբովյանը, երկու գյուղացիներ՝ Հովհաննես Այվազյանը, Մուրադ Պողոսյանը և երկու ռուս զինվորներ՝ Ալեքսեյ Զդոռովենկոն, Մատվեյ Չալպանովը։