Ոսկին երկաթին անարգելով, ասաց մեկ անգամ.
— Երանի գիտենամ, դու ինչացո՞ւ ես, որ մետաղների կարգն ես ընկել. քո սև ու ժանգոտ
երեսովդ մարդու վրա զզվանք ես բերում: Նայիր ինձ վրա, տես ինչպես գեղեցիկ եմ
փայլում, ինչպես շողշողում: Նայիր մեր սիրուն օրիորդների ու հարսների ականջներին ու
մատներին, դու կտեսնես իմ փառքն ու պատիվը, նայիր նրանց ճակատների շարքերին,
դու կտեսնես իմ փայլն ու գեղեցկությունը: Չեմ հաշվում գինդերը, գնդասեղները. գիտեմ,
որ դու այնքան կոշտ ու կոպիտ ես, որ այդպես քնքուշ բաների մասին ոչ ճաշակ ունես, ոչ
հասկացողություն:
Երկաթը պատասխանեց ոսկուն.
— Ես չեմ ուրանում, ոսկի աղա, որ դու գեղեցիկ ես, ամեն բանի զարդն ու զարդարանքը դու
ես, գինդ շատ բարձր է, աղքատի բան չես, բայց ինչո՞ւ ես չափիցդ դուրս գոռոզանում: Քո
սիրուն օղակներդ ոչ ականջի լսելիքն են ավելացնում, ոչ մատներին ու կռներին
զորություն ու ժրություն են տալիս: Ճակատների փայլուն շարքերը գլխին խելք չեն տալիս.
ոչ կուրծքերի նուրբ մանյակները սրտին գութ ու խնամք:
Ինչ ասեմ մեր օրիորդներին, քեզ այդչափ պատիվ են տալիս, քեզ համար հալվում, մաշվում
ու բարակացավ ընկնում: Իմ մի փոքրիկ ասեղը քո բոլոր զարդարանքներից ավելի է
օգուտ տալիս: Գիտե՞ս, ոսկի աղա, իմ փոքրիկ ասեղը քանի տուն է պահում, քանի որբի
կերակրում: Իմ խոփն ու ձևիչը ամբողջ աշխարհին հաց են տալիս: Մարդիկ ինչ որ շինում
են կամ պետք է կտրեն, կամ պետք է ծեծեն, կամ պետք է խարտոցեն, կամ պետք է
կարկատեն: Իմ ուրագն ու կացինը որ չլինեն, իմ դուրն ու շաղափը, իմ սղոցն ու մուրճը,
իմ կտրիչն ու խարտոցը, էլ կարո՞ղ էին մարդիկ քար քարի վրա դնել, փայտ փայտի վրա:
— Ահա այդպես պարծենկոտ ես դու, ոսկի աղա, քո փայլից կուրացած ՝ուրիշի
լավությունը չես տեսնում:
Day: 21.03.2019
Թափանցիկ Ջակոմոն
Վաղուց, շա՜տ վաղուց, կարող է մի-քիչ շուտ, աշխարհի ծայրին, կամ կարող է մի քիչ ավելի մոտ, չտեսնված մի թագավորության մայրաքաղաքում ծնվեց մի թափանցիկ տղա: Թափանցիկ, այնքա՜ն թափանցիկ, որ նրա միջից կարելի էր տեսնել ամեն բան՝ ինչպես օդի մեջ կամ ինչպես աղբյուրի պարզ ջրի մեջ: Նա էլ մարմին ու արյուն ուներ, ինչպես բոլորը: Ճիշտ է, թափանցիկ էր, ապակու նման, բայց երբ ընկնում էր, չէր փշրվում, ամենաշատը՝ճակատին մի փոքրիկ, թափանցիկ ուռուցք էր ծլում:
Բոլորը տեսնում էին, թե ինչպես է նրա արյունը շարժվում, ինչպես է նրա սիրտն աշխատում: Պատկերացնո՞ւմ եք՝ նրա մտքերն էլ էին պարզ երևում. մարդիկ ազատ կարդում էին դրանք: Մտքերը անցնում-դառնում էին նրա գլխում, լողում և փայլփլում, ինչպես ձկների խմբերը թափանցիկ ջրավազանում:Մի անգամ տղան սխալվեց ու սուտ ասաց: Ասաց ու մարդիկ կրակե գնդիկի նման մի բան տեսան նրա ճակատին: Երբ տղան ուղղեց իր սխալը և ճիշտ խոսեց, գնդիկը հալվեց, անհետացավ: Այդ օրվանից նա իր ամբողջ կյանքում ոչ մի տառ սուտ չասաց: Մի անգամ Ջակոմոյի ընկերը նրան մի գաղտնիք ասաց: Բայց ի՜նչ գաղտնիք, ի՜նչ բան, բոլորը միանգամից տեսան, թե նրա գլխում ինչպես սկսեց մի սև գունդ պտտվել: Բա՛:
Ժամանակ անցավ, տղան մեծացավ, մեծ տղա դարձավ, հետո տղամարդ: Առաջվա նման բոլորը հեշտ ու հանգիստ կարդում էին նրա մտքերը: Նա կարող էր բարձրաձայն չպատասխանել այն հարցերին, որ մարդիկ իրեն էին տալիս. մեկ է, ամեն ինչ երևում էր:
Երբ տղան ծնվեց, նրա անունը Ջակոմո դրեցին, բայց ժողովուրդը Թափանցիկ Ջակոմո էր ասում և շատ էր սիրում նրան իր ազնվության համար:
Նրա կողքին բոլորը իր նման բարի ու ազնիվ էին դառնում:
Դժբախտաբար այդ պետության ղեկավար դարձավ դաժան ու չար մի մարդ: Ժողովրդը վատ վիճակի մեջ ընկավ: Բոլորին ճնշում էին, բոլորն աղքատ էին: Ով բողոքում էր, դաժան բռնակալը հրամայում էր մահապատժի ենթարկել:
Ժողովուրդը ձայն չէր հանում, լուռ համբերում էր, որովհետև վախենում էր, որ կարող է ավելի վատ բան լինել:
Բայց Ջակոմոն չէր կարող լռել: Եթե ոչ մի բառ էլ չասեր, մեկ է, նրա մտքերը երևում էին: Չէ՞ որ նա թափանցիկ էր: Բոլորը տեսնում էին, թե ինչպես էր նա բարկանում անարդարությունից, պատիժներից և ատում դաժան ղեկավարին:
Մարդիկ մտքում գաղտնի կրկնում էին Ջակոմոյի մտքերը:
Բռնակալն իմանում է այդ մասին, հրամայում է բռնել Թափանցիկ Ջակոմոյին և գցել ամենամութ բանտը:
Հենց այդ ժամանակ էլ զարմանալի մի բան է պատահում: Ջակոմոյի բանտախցի պատերը հանկարծ թափանցիկ են դառնում, հետո թափանցիկ են դառնում միջանցքի պատերը, հետո՝ բանտի դրսի պատերը. ամբողջ բանտը ոնց որ ապակուց լիներ:
Մարդիկ անցնում էին բանտի մոտով, տեսնում էին Ջակոմոյին՝ իր բանտախցում նստած, և առաջվա նման կարդում էին նրա մտքերը:
Երբ գիշերն իջնում է, բանտն այնքան պայծառ է լուսավորում քաղաքը, որ բռնակալը հրամայում է փակել իր պալատի լուսամուտները, որ լույսն իրեն չխանգարի: Բայց, մեկ է, նա չի կարողանում հանգիստ քնել: Ինչ անենք, որ թափանցիկ Ջակոմոն շղթայված էր և փակված էր ամենամութ բանտում: Փակված էր, բայց էլի նրանից ուժեղ լույս էր գալիս:
Գիտե՞ք, թե ինչու… Որովհետև աշխարհի ամենաուժեղ բանը ճշմարտությունն է, այն ավելի պայծառ է, քան՝ ցերեկվա լույսը, և ավելի ուժեղ է բոլոր փոթորիկներից: